ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ադրբեջանը հաստատել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությանը մասնակցելու հայտը, հինգ մարզիկ է հայտագրված:
Միջազգային ֆեդերացիայի կայքում նշված են հայտագրված մարզիկների անունները՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ), Դադաշ Դադաշբեյլին (109 կգ), Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):
Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը, նախնական տվյալներով, հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Վերջնական հաստատման համար պետք է որոշակի դրամական փոխանցում կատարվեր այս մարզաձևի եվրոպական ֆեդերացիային։
Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում խորհրդանշական կոճակի սեղմումով ազդարարվել է Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Կոճակը սեղմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու են 40 երկրների 500-ից ավելի ծանրորդներ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին։