Հայաստանն իր հարուստ բնական և պատմամշակութային հուշարձաններով թույլ չի տա, որ հյուրերն ու տեղի ճանապարհորդները ձանձրանան։ Յուրաքանչյուր ուղղություն՝ լինի հյուսիս կամ հարավ, արևելք կամ արևմուտք, բացառիկ տեսարժան վայրեր է տանում, որոնք, որպես կանոն, ներառված են մեծ պահանջարկ վայելող զբոսաշրջային ծրագրերում։
Սակայն նշանակալի հուշարձաններից բացի, հին հայկական հողի վրա կան նաև բազմաթիվ ոչ այդքան հայտնի, բայց ոչ պակաս հետաքրքիր և նշանավոր զբոսաշրջային վայրեր։ Հենց դրանց վրա է շեշտ դրվում «Քիչ հայտնի Հայաստան» հոդվածաշարում, որի շրջանակում զբոսավար, «Artsibi Tour» նախագծի ղեկավար Շուշան Համբարձումյանի հետ կներկայացնենք Հայաստանում շրջագայելու մեր տարբերակները։
Ի՞նչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու։ Առաջարկում ենք շրջել ՀՀ Արագածոտնի մարզում` Արուճ-Դաշտադեմ–Իրինդ–Մաստարա։
Արուճ. հին եկեղեցի և միջնադարյան իջևանատուն
Արագած լեռան վրա գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցին կամ Արուճավանքը վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային հուշարձաններից է։ Կառուցվել է VII դարի կեսերին, ենթադրաբար` 641 թվականին։
Այդ ժամանակ Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն է եղել։ Հենց նա էլ հիմնել է վանքը ի պատիվ Գրիգոր Լուսավորչի։ Եկեղեցու պատերը զարդարված են հիասքանչ որմնանկարներով, բայց, ցավոք, մեզ դրանց միայն փոքր մասն է հասել։ Օրինակ՝ խորանի վրա եղել է Հիսուսի 7-մետրանոց պատկերը՝ մագաղաթագալարը ձախ ձեռքին։ Իսկ այսօր կարելի է տեսնել որմնանկարի միայն մի մասը։
1946-1948 թվականներին Արուճավանքը մասնակի վերականգնվեց, և հաջողվեց վերստեղծել եկեղեցու նախնական տեսքը։ Սակայն վանքի գմբեթն այդպես էլ չտեղադրվեց։ Թեպետ այդ հանգամանքի շնորհիվ Արուճավանքն առանձնահատուկ տպավորություն է թողնում. վանք մտնելիս մարդիկ հայտնվում են կապույտ երկնակամարի տակ։ Հիրավի անզուգական տպավորություն է։
Արուճավանք
© Sputnik / Aram Nersesyan
Վանքի հարավ–արևելքում գտնվող տաճարը, որը նույնպես Գրիգոր Մամիկոնյանն է կառուցել, հայտնաբերել են 1948-1951 թվականի պեղումների ժամանակ։
Միջնադարում Արուճը գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, և գյուղում պահպանվել է XIII դարով թվագրվող քարավանատունը, որը մեծ մուտքով ընդարձակ շինություն է․ այդ մուտքով պետք է կարողանային անցնել բեռնված կենդանիները։ Կենտրոնական սրահը նախատեսված է եղել կենդանիների համար, իսկ կողային շինությունները` տերերի և նրանց ծառաների։
Դաշտադեմ
Դաշտադեմի ամրոցը մոտավորապես VII-X դարերում հիմնադրել են Կամսարականները։ Շինությունը հարձակումների ժամանակ բազմիցս վնասվել է, բայց ամեն անգամ այն վերականգնել են։ Դաշտադեմը գործող եկեղեցի է եղել ընդհուպ մինչև XVI դարը։
Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամրոցի հիմքը ժամանակին փորվել է մոնոլիտ քարե ժայռի մեջ։ Ամրոցի տարածքում մեծ բաց տարածք է եղել, ինչպես նաև ջրի հավաքման և պահեստավորման ջրամբար։
Ամրոցի կողքին կա հարմարավետ և շատ գեղեցիկ վայր, որտեղ կարելի է հանգստանալ ճանաչողական էքսկուրսիայից հետո։
«Մկոյի մոտ»
© Sputnik / Aram Nersesyan
Իրինդ. եկեղեցի և ֆերմա
Իրինդ գյուղում Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է VII դարում, Բայց պահպանվել է միայն հյուսիսարևելյան հատվածը, որի հիման վրա վերականգնվել է եկեղեցին։
Իրինդում կարելի է այցելել «Irind’s Farmer»,, որի հիմնադիր Արմեն Բաղդասարյանը հյուրերի համար իսկական շոու կկազմակերպի տեղի երեխաների մասնակցությամբ․ նրանք կուրախացնեն Սասունի երգ ու պարով։
Բանն այն է, որ գյուղի բնակիչները բնիկ սասունցիներ են (Սասունը Արևմտյան Հայաստանի գավառ է, այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում), որոնք Իրինդ են տեղափոխվել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։ Հյուրերը կկարողանան մասնակցել նաև բերքահավաքի և այլ հետաքրքիր միջոցառումների, իսկ վերջում կկարողանան ընթրել բաց երկնքի տակ կամ իսկական քարանձավում։
Մաստարա. եկեղեցի
Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ժողովուրդը պարզապես «Մաստարա» է անվանում, թվագրվում է V դարով։ Այն վերականգնվել է VII դարում, սակայն, Շուշանի խոսքով, ճարտարապետությունն ու նախշազարդերը հուշում են, որ վանքը հիմնադրվել է IV-V դարերում։
Մաստարան հայկական եկեղեցական ճարտարապետության գլուխգործոց է։
«Դրսից սովորական է թվում, բայց բավական է՝ մտնես, ու հիացմունքից շունչդ կտրում է։ Վանքի գմբեթը կարծես կախված է պատերի վրա։ «Մաստարայի» նման միայն երեք եկեղեցի ունենք՝ Արթիկում, Ոսկեպարում, ինչպես նաև Հառիճի փոքր վանքը», – պատմում է զբոսավարը։
Եկեղեցու շուրջը կարելի է մի քանի հնագույն խաչքար տեսնել, որոնք ներդաշնակորեն համադրվում են եկեղեցու հետ։