ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպասում է մարտի 21-ին իր ձերբակալմանը Մանհեթենի շրջանային դատախազության հարուցած գործի շրջանակում։ Այս մասին հայտնել է Reuters–ը` հղում անելով Թրամփի ստեղծած Truth Social սոցցանցում նրա հաղորդագրությանը։
Նա մասնավորապես հայտնել է, որ իր ձերբակալման մասին է վկայում Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակից տեղի ունեցած «անօրինական արտահոսքը»։ Միևնույն ժամանակ նա չի բացահայտել, թե ինչում է նա մեղադրվելու, ինչպես նաև իր պնդման վերաբերյալ որևէ փաստաթղթային ապացույց չի ներկայացրել։
Նշվում է, որ նախկին նախագահը իր համախոհներին կոչ է արել ի նշան բողոքի փողոց դուրս գալ։
«Բողոքե՛ք, մեր ազգին վերադարձրե՛ք», – հորդորել է Դոնալդ Թրամփը։
Միևնույն ժամանակ շրջանային դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է Reuters–ին մեկնաբանել Թրամփի հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունը։
Reuters–ը հայտնում է, որ 2023 թվականին Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը սկսել է գործը հետաքննող մեծ ժյուրին ապացույցներ ներկայացնել` կապված 2016 թվականի ընտրարշավի վերջին օրերին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենի կողմից 130 հազար դոլարի վճարման վերաբերյալ։
Մայքլ Քոենի փաստաբան Լենի Դևիսի խոսքով` Քոենը մեծ ժյուրիի առաջ ցուցմունք է տվել 2 անգամ։ Reuters–ը նշում է, որ մեծ ժյուրիի նիստերը հրապարակային չեն։
ԱՄՆ 45-րդ նախագահի փաստաբան Սյուզան Նեչելսի խոսքով` պարոն Բրեգի գրասենյակը ավելի վաղ Դոնալդ Թրամփին հրավիրել էր գործը հետաքննող մեծ ժյուրիի առաջ ցուցմունք տալու։