Մարդիկ շարունակում են վարել մեքենան` անտեսելով, որ 9 բալն արդեն կորցրել են. ՔԿ–ի ամփոփումը

Քննչական կոմիտեից նշում են, որ պարեկային ծառայության ներդրումը դրական արդյունքներ է ապահովել։
Sputnik
Երևան քաղաքում 2022թ–ին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն` ամփոփելով վերջին տարվա վիճակագրությունը։
«2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։ Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։
ՀՀ–ում զինվորական հանցագործությունների թիվը նվազել է. զինդատախազն ամփոփել է 2022–ը
Քննչական կոմիտեից հավելում են` վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։