ՀՀ–ն ՌԴ–ից հասցեական հայտարարություններ է սպասում Լաչինի բացման վերաբերյալ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ–իև ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցում ՀՀ–ն հասցեական հայտարարություններ է ակնկալում միջազգային գործընկերներից և առաջին հերթին Ռուսաստանից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը
Նշենք, որ Յուրի Վորոբյովը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:
«Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում լավ ավանդույթ է դարձել, այն եզակի հնարավորություն էч տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին և կոնկրետ քայլեր նախանշելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը մասնակցել էր Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի, իսկ երեկ Ծաղկաձորում` Ռուսական կենտրոնի բացմանը։
Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։