ՀՀ քաղաքացիներին Իրաք մուտք գործելու համար հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը կներկայացվի Իրաքի ներկայացուցիչների պալատին ու ԱԳՆ–ին։ ՀՀ ԱԺ–ի` Իրաք– Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Իրաքի ներկայացուցիչների պալատի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում հայ և իրաքցի գործընկերները կարևորել են համագործակցության ամրապանդումը խորհրդարանական տարբեր ձևաչափերում` նշելով, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ երկու երկրները կարող են զարգացնել նաև տնտեսական, մշակութային և կրթական կապերը։
Նշվել է, որ երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար։ Բարեկամական խմբի անդամները կարծում են, որ սա շատ փոքր թիվ է և ՀՀ–ն ու Իրաքը չօգտագործված ներուժ ունեն այս ոլորտում։
Հյուրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը գրանցում է արել պատվավոր հյուրերի հուշամատյանում։