ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտնել է հացահատիկային գործարքի երկարացման մասին։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին` հղում անելով TRT հեռուստաալիքին։
«Մարտի 19-ին ավարտվող հացահատիկային գործարքի ժամկետը երկարացվել է։ Համաձայնագրի նոր ժամկետի երկարացումն ապահովել են բանակցությունների շնորհիվ, որոնք իրականացրել ենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի և Ուկրաինայի)», – ասել է Էրդողանը` ելույթ ունենալով երկրի արևմուտքում գտնվող Չանաքալե քաղաքում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ–ին պայմանավորվածությունները երկարացնելուն ուղղված ջանքերի համար։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, թե ինչ ժամկետով է երկարացվել սևծովյան հացահատիկային նախաձեռնության համաձայնագրի գործողությունը։ Նրա խոսքով` գործարքը կարևոր նշանակություն ունի գլոբալ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկությունների բացակայության պարագայում ենթադրում էր երկարացում 120 օր` մինչև մարտի 18-ը։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը ուկրաինական հացահատիկի դուրսբերմանն ուղղված «սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարացում թույլ է տալիս՝ առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Ուկրաինայից պարենի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություները կնքվել էին 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում 120 օրով և երկարացվել նոյեմբերին նույնքան օրով։ Համաձայնագրերից մեկը կանոնակարգում է Կիևի ենթակայության տակ գտնվող Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնի նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման կարգը։
Բացի այդ, հուշագրեր են ստորագրվել ՌԴ–ի և ՄԱԿ–ի միջև, ինչը ենթադրում է, որ համաշխարհային կազմակերպությունը կչեղարկի համաշխարհային շուկաներ ՌԴ պարարտանյութերի և գյուղմթերքի արտահանման սահմանափակումները։ Մոսկվան նշում է, որ պայմանագրի երկրորդ մասը չի կատարվում։