ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը։
«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- Արցախի օկուպացված Թալիշ գյուղում ելույթի ժամանակ այսօր ասել է Ալիևը։
Այս հայտարարությունը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամաբ` վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է` լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը։
ՀՀ ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է անում չանտեսել Հայաստանի ահազանգերը պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում»,– ասված է հաղորդագրությունում:
Ասվում է նաև, որ ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր:
ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի` ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց`Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա:
Չնայած սրան, այսօր Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին:
«Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող»,– ասվում է հաղորդագրությունում:
Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի: Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած»,– նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Այսպիսով Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը:
Ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ–ն անհրաժեշտություն է տեսնում, որ միջազգային հանրությունը գործարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմներ, միջազգային փաստահավաք առաքելության գործուղի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու քաղաքականությունը։