Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային
Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին նշանակալի են, և ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ։ Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում և կարևորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետևողական աշխատանքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին նշանակալի են։ Ընդգծել է, որ ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ համագործակցության զարգացմամբ:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումներն ու արձանագրվող արդյունքները:
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության առկա միտումներին ու 2023թ. ակնկալիքներին։