Ռուսաստանը մտադիր է նավթամուղ կառուցել Աֆրիկայում

Նավթամուղ
Երկրները համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որը կզբաղվի գործնական հարցերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Առաջիկա ամիսներին Ռուսաստանն ու Կոնգոյի Հանրապետությունը պայմանագիր կստորագրեն Աֆրիկյան երկրին նավթամթերք մատակարարելու համար խողովակաշար կառուցելու մասին: Փաստաթղթի պատրաստման մասին հայտարարել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Գեորգի Չեպիկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ կողմերը պատրաստվում են միջկառավարական համաձայնագրի մակարդակին հասնել «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովից առաջ, որը կայանալու է 2023 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում: Խողովակաշարը կկապի Կոնգոյի Հանրապետության խոշորագույն քաղաքները Պուենտ Նուարը և Բրազավիլը։
Պայմանագրի կնքումից հետո երկրները համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որը կզբաղվի գործնական հարցերով։ Չեպիկը նշել է, որ մենայն հավանականությամբ համաձայնագրում կհիշատակվի «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ընկերությունը, որը հետաքրքրված է նախագծով։
Մոզամբիկով անցնող նավթատարի կառուցման մասին ավելի վաղ խնդրել էր Զիմբաբվեի իշխող ZANU-PF կուսակցության խոսնակ Քրիստոֆեր Մութսվանգվան։ Նրա խոսքով` երկիրը կցանկանար Ռուսաստանի հետ համագործակցել նավահանգիստների, երկաթուղիների, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման օբյեկտների կառուցման գործում։
Զիմբաբվեն պատրաստ է ռուսական նավթ և նավթամթերք գնել, եթե առանց ԱՄՆ դոլար օգտագործելու վճարման հնարավորություն լինի։ Որպես վճարման միջոց Մութսվանգվան առաջարկել է Զիմբաբվեի դոլարը։
Ռուսաստանը ռուսական նավթամթերքների մատակարարման եվրոպական էմբարգոյից հետո ստիպված է իրացման նոր շուկաներ փնտրել, որպեսզի նավթավերամշակման գործարաններում արտադրությունը չկրճատվի։ Այս հարցում հնարավոր չէ հույս դնել Հնդկաստանի և Չինաստանի օգնության վրա, քանի որ նրանք իրենց սեփական վերամշակման կարողություններն են զարգացնում։
Նավթային պատժամիջոցներ. ինչպես Ռուսաստանը խորամանկեց Արևմուտքին