ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, որոնցից մեկով անցնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից , նրա կնոջից՝ Ջուլիետա Աբրահամյանից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անուն անշարժ գույք։
Նշվում է, որ բռնագանձման ենթակա անշարժ գույքերից 15-ը Երևան քաղաքում է, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, մնացածը՝ ՀՀ տարբեր մարզերում։
Բացի անշարժ գույքերից Աբրահամյանից պահանջվում է նաև վերադարձնել 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, ինչպես նաև շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով։ Նաև 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
Մյուս հայցադիմումով պահանջվում է բռնագանձել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից ապօրինի ծագում ունեցող հետևյալ գույքերը։
Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ, 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:
Դատախազությունից հայտնում են, որ սրանք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30-րդ և 31-րդ հայցադիմումներն են։