Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարվա երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ -Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։
Նշվում է, որ այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները:
2022 թվականի հոկտեմբերի 24–ին հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։
Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին