Հայկական մուֆլոնը` ծանրորդ. Եվրոպայի ծանրամարտի առաջնության հետհաշվարկը տրված է

Հետհաշվարկի համար նախատեսված տարածքն ունի նաև զվարճանքի գոտի, որտեղ մուֆլոնների կերպարներն են պտտվում։
Sputnik
Այսօր Հյուսիսային պողոտայում խորհրդանշական կոճակի սեղմումով ազդարարվել է Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Կոճակը սեղմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Առաջնության խորհրդանիշը հայկական մուֆլոնն է, որն այս դեպքում ծանրորդ է դարձել։ Նրա եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է դարձել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:
Հետհաշվարկի համար նախատեսված տարածքն ունի նաև զվարճանքի գոտի, որտեղ մուֆլոնների կերպարներն են պտտվում։ Արայիկ Հարությունյանի կարծիքով` առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում այն կդառնա երևանցիների, երեխաների ամենասիրված վայրերից մեկը:
«Հիմնական մրցումները սկսելու են ապրիլի 15-ին, իսկ բացման արարողությունը լինելու է ապրիլի 14-ին: Ցանկանում եմ կոչ անել ուշադիր լինել այս ժամկետներին: Երբ սկսվի տոմսերի վաճառքը, անմիջապես ձեռք բերեք, որովհետև բացման արարողության հետ կապված հետաքրքրությունը շատ մեծ է, և ժամկետները բաց թողնելուց հետո շատ քիչ հնարավորություն կարող է լինել տոմս ձեռք բերելու համար»,– ասել է Հարությունյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կազմակերպիչներին խնդրել է առաջնության հետհաշվարկի ավարտից հետո Հյուսիսային պողոտայում տեղադրված ցուցատախտակին պատկերել հայ մարզիկների՝ Եվրոպայի առաջնության ընթացքում նվաճած մեդալներն այդ պահի դրությամբ:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի, երկրպագուներն էլ մշտապես տեղեկացված կլինեն, թե մենք քանի մեդալ ենք նվաճել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս պահին ունի տղամարդկանց և կանանց ուժեղ հավաքականներ՝ վստահ եմ, որ մեդալների պակաս չենք ունենա, իսկ այս ցուցատախտակին պատկերվելիք թվերը բոլորիս բաղձալի պահեր կպարգևեն»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցրել է, որ Մարզահամերգային համալիրը ժամանակին կառուցվել է նաև ծանրամարտի աշխարհի առաջնություն ընդունելու նպատակով, սակայն 1983 թվականին, երբ համալիրը բացվեց, ինչ-ինչ պատճառներով առաջնությունը Երևանից տեղափոխվեց Մոսկվա: 40 տարի անց Երևանը վերջապես ստացավ այդ հնարավորությունը: Նա խոստացել է, որ ամեն ինչ արվելու է ամենաբարձր մակարդակում: