Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Գրիգորի Խաչատուրով
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է մարտի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի վճռաբեկ դատարան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գեներալ-մայորը կալանավորվել է երեկ՝ ժամը 16։00–ի սահմաններում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնեց, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։
Մարտի 16-ին վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։