Կինոքննադատ ու ինստաբլոգեր Դիանա Մարտիրոսյանը կարծում է, որ գրականությունն ու կինոն ուղիղ ազդեցություն ունեն հարաբերությունների մասին կարծրատիպերի ձևավորման վրա։ Ըստ նրա` մուլտերն ու ֆիլմերը հաճախ ձևավորում են երջանիկ ավարտի սպասում հարաբերություններից։
«Դա շատ է բարձրացնում մեր ակնկալիքների շեմը, և բոլորս սպասում ենք սպիտակ ձիով արքայազնին, այնինչ մենք ուրիշ իրականության մեջ ենք ապրում», – նշեց նա։
Դիանան կարծում է, որ կանայք այսօր ավելի անկախ են ու շատ հարցերում (այդ թվում ժամադրությունների և հարաբերությունների) ավելի ազատ։ Իսկ ահա տղամարդիկ կաշկանդված են ու ավելի հեշտ են զրույցի բռնվում այլազգի կանանց հետ, քան հայերի։
«Հաճախ մտածում են, որ աղջկա եղբայրը, հայրը կարող են գալ ու կռիվ սարքել։ Առհասարակ, մենք ավելի հեշտ ենք բացվում արտասահմանցիների հետ»,-ասաց նա։
Ինստաբլոգերը նաև կարծում է, որ չկան հատուկ տեղեր զուգընկեր փնտրել–գտնելու համար։ Ըստ նրա` հանդիպումը կարող է տեղի ունենալ մարզասրահում, սրճարանում, ընկերների տանը կամ ցանկացած այլ վայրում։ Դիանան կարծում է, որ հանդիպման հարթակ կարող է լինել նաև ժամադրությունների հավելված Tinder–ը։
Իսկ ժամադրությունը կարող է լինել, ոչ միայն ռեստորան այցելությունը, այլև զբոսանքը, և բնավ պարտադիր չէ, որ ինտիմ շարունակություն ունենա։ Նա նաև պատմեց, որ հենց հավելվածի միջոցով վերջերս հետաքրքիր ժամադրություն է ունեցել սլովենացի տղայի հետ, որը ծանոթ էր արցախյան խնդրին։
«Նա ինձ հրավիրեց Կռոյցբերգում թուրք գեյերի բարում գերմանական գարեջուր խմելու։ Այնտեղ նա բարձրացրեց գավաթը, ասաց` «To Nagorno Karabakh» (Լեռնային Ղարաբաղի համար), ու երկու ժամ խոսեցինք քաղաքականությունից», - պատմեց բլոգերը։
Դիանան նաև պատմում է, թե ինչպես է կարողացել առողջ հարաբերություններ կառուցել ծնողների հետ, ինչպես է պետք հագնվել ժամադրությունների ժամանակ և ինչ թեմաների մասին խոսել։ Ավելի մանրամասն` դիտեք տեսանյութում։