Ապօրինի ձեռնարկատիրությունից եկամուտը կազմել 8 մլն դրամ. ՊԵԿ

ՊԵԿ շենքը. Արխիվային լուսանկար
ՊԵԿ–ը հարկային իրավախախտումների վերաբերյալ անցկացրած միջոցառումների շրջանակում արձանագրել է առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՊԵԿ–ի իրականացրած հարկային իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
Նշվում է, որ 12 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3 մլն 442 հազար 415 ՀՀ դրամի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:
«Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։ 5 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 8 մլն 124 հազար 340 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 4 մլն 642 հազար 170 ՀՀ դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՊԵԿ–ի, 3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 4 մլն 400 հազար ՀՀ դրամ։