Ամերիկացիների հետ նրբանկատ լինելը ճիշտ չէ. Մեդվեդևը` Սև ծովում ԱԹՍ-ի միջադեպի մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Սև ծովն ընկած ամերիկյան անօդաչու սարքի հետ կապված միջադեպը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ է արձագանքել Սև ծովում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին` հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ նրբանկատ լինելը սխալ է, չնայած ռազմական շփումներն անհրաժեշտ են:
«Պարզ ասած` նրանք լրիվ կատաղել են։ Եվ նրանց հետ նրբանկատ լինելը սխալ է։ Թեև զինվորականների հետ շփումները նույնպես պետք են, իհարկե։ Հատկապես սենատոր Գրեմի նման ամերիկացի սրիկաների հայտարարությունների ֆոնին, թե պետք է խոցել ռուսական ինքնաթիռները։ Ի դեպ, այդպիսի մարդկանց հետ էլ երբեմն օդային պատահարներ են լինում»,-նշել է Մեդվեդևը իր Telegram-ալիքում։
Խոսելով դրոնի հետ կապված միջադեպի մասին` նա փաստել է, որ այդ թեմայով միջազգային կոնվենցիա չկա։ 1944 թվականի Չիկագոյի կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթերը չեն կարգավորում այդ հարցերը։
«Ի դեպ, հիշեցնեմ, որ ամերիկացիները չեղարկեցին Բաց երկնքի պայմանագիրը, որը ռազմական ստուգումների իրավունք էր տալիս»,-նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
ԱՄՆ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Քիրբի
Նա հավելել է, որ ներքին օրենսդրությունը նոր է ձևավորվում։ Բայց Օդային օրենսգրքում կան «արգելված գոտիներ» և «սահմանափակ գոտիներ» տերմինները։ Այսպիսով` Օդային օրենսգրքի թիվ 15 հոդվածի համաձայն` սահմանում են արգելված գոտիներ, վտանգավոր գոտիներ (զինափորձարանների տարածքները, պայթեցման աշխատանքների տարածքները և այլն), օդանավերի թռիչքների սահմանափակումների գոտիներ և օդային տարածքում գործունեություն իրականացնելու համար սահմանված օդային տարածքի կառուցվածքի այլ տարրեր:
«Անօդաչուները նույնպես պետք է պահպանեն այդ կանոնները։ Հատկապես ռազմական գործողությունների շրջանում, ինչի մասին տեղյակ են բոլոր օդային տարածքօգտագործողները։ Ավելին, երբեմն դժվար է արձանագրել ինքնաթիռով կամ անօդաչու թռչող սարքով ծով մտնելու բուն պահը։ Իսկ դա մեր տարածքի մի մասն է, որի վրա տարածվում է մեր ինքնիշխանությունը»,-հայտարարել է Մեդվեդևը։
Հիշեցնենք` մարտի 14–ին ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը նախօրեին հայտարարել էր, որ ռուսական Սու-27 ինքնաթիռնիբր բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է Սև ծովը:
Սիրիայում ԱԹՍ է խոցվել. ԱՄՆ ԶՈւ–ն վստահեցնում է, որ այն իրանական արտադրության է
ՌԴ ՊՆ-ն արձագանքել է միջադեպին՝ հայտարարելով, որ ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքն առավոտյան ընկել է Սև ծովը կտրուկ մանևրելու պատճառով, իսկ ռուսական կործանիչները նրանց չեն դիպել։