Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հստակ արձագանք է պետք․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊկ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին
Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ նախագահին ասել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին և քննարկել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն իր խոսքում ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:
Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն:
Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել էր «Եռաբլուր» պանթեոն:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Երեկ նա եղել է Ջերմուկում, որտեղ հանդիպել է տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Նրան ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։