2022-ին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել 610 գործարար և ներդրող. հաշվետվություն վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022 թվականի կատարողականը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 2022 թվականին «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022 թվականի կատարողականը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ներկայացվել են «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:
«Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվետվությունից հետո քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր:
Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը: Խորհրդակցության արդյունքներով վարչապետը տվել է մի շարք հանձնարարականներ:
Նշենք, որ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։