Վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան. գլխավոր դատախազն ընդունել է դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազության շենքը
Հայաստանի դատախազության հիմնադրման 105-ամյակին ՀՀ գլխավոր դատախազը հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը։
«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 2022 թվականի ապրիլին ՀՀ դատախազության և Վրաստանի դատախազության միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրին։ Փաստաթուղթն ուղղված է երկու երկրների դատախազությունների միջև գործընկերության արդյունավետության բարձրացմանը:
Ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Վրաստանի վարչապետն ընդունել է Ժաննա Անդրեասյանին
Հանդիպման ավարտին Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը, որի շրջանակում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:
Դեսպանն իր հերթին կարևորել է երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան: