ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Լեհաստանն առաջիկա օրերին Ուկրաինային կհանձնի առաջին չորս ՄիԳ-29 կործանիչները։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կարելի է համարձակորեն ասել, որ մենք ՄիԳ-եր ենք ուղարկում Ուկրաինա։ Մենք այս պահին ավելի քան տասը պահեստային կործանիչ ունենք։ Բառացիորեն առաջիկա օրերին մենք կփոխանցենք, որքան հիշում եմ, չորս ինքնաթիռ», - ասել է Դուդան։
Ավելի վաղ Լեհաստանը 10 «Leopard» տանկ էր ուղարկել Ուկրաինա։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։