Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Արարատ Միրզոյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Մոսկվան ակնկալում է, որ հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախատեսվում է մտքեր փոխանակել միջազգային օրակարգի, տարբեր միջազգային հարթակներում գործողությունների համակարգման ծուրջ։
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային քաղաքական գնահատական պետք է տրվի։
ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Փաշինյան