Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաներ են. 7 մարդ կալանավորվել է

Բողոքի ակցիաներ Իսրայելում
Ակցիաներն ամբողջ երկրում շարունակվելու են ողջ օրը. ցուցարարները դեմ են կառավարության նախաձեռնած դատական բարեփոխմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի ողջ տարածքում զանգվածային բողոքի ակցիաներ են, առնվազն 7 մարդ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։
Նշվում է, որ 5 մարդ կալանավորվել է այն բանից հետո, երբ ցուցարարների խումբը կարմիր գիծ է նկարել ճանապարհին, որը տանում է դեպի Երուսաղեմի Գերագույն դատարան։ Ակցիայի մասնակիցները բողոքում են երկրի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխման համակարգի դեմ։
Շուրջ 200 ցուցարար հավաքվել է Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսության մոտ, իսկ մի քանի հարյուր ակադեմիկոս և ուսուցիչ իր բողոքն արտահայտում է Հայֆա քաղաքում։
Հիշեցնենք, որ Իսրայելում մասսայական բողոքի ակցիաները անցկացվում են երկրի 150 հատվածում։
Նախօրեին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հանդես է եկել արտահերթ հեռուստաուղերձով` առաջարկելով իրավական բարեփոխման արդեն 2-րդ փոխզիջումային պլանը, որը հրահրել է Իսրայելում բազմահազարանոց բողոքի ակցիաները։ Օրինագիծը զգալիորեն կկրճատի Գերագույն դատարանի լիազորությունները, ինչպես նաև կառավարությանը հնարավորություն կտա դատավորների նշանակման ընթացակարգը վերահսկելու համար։