ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ Վահան Հունանյանը կնշանակվի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, գրում է «Հրապարակ» թերթը։
«Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, և, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Վահան Հունանյանի հետ և ճշտել տեղեկությունը։
ԱԳՆ նորանշանակ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցի տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։
«Այս պահին Վահան Հունանյանը շարունակում է իր դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ կենտրոնական ապարատում»,- ասել է նա։
Հիշեցնենք` մարտի 13 Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Նա հայտնել էր, որ իրեն կփոխարինի Անի Բադալյանը, իսկ ինքը դիվանագիտական ծառայությունը կշարունակի ԱԳՆ համակարգում։
Վահան Հունանյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 4–ին։ Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի, ապա խորհրդականի պաշտոնը։