ՀՀ փոխվարչապետն ու Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները տնտեսական հարցեր են քննարկել

Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը ՀԱԱՊ ներկայացուցիչներին հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։
«Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին և դրանցով պայմանավորված խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումներին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել Հայաստանում նախորդ և ընթացիկ տարվա մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:
Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։
ՌԴ–ն պատրաստ է համագործակցել բոլոր ոլորտներում. Խաչատրյանն ընդունել է Կոպիրկինին