ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում է. նա մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է սեպտեմբերյան ագրեսիայից տուժած վայրերում, տեղում ծանոթացել իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ համայնք: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ:

«Տասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը տեղում ծանոթացել է իրավիճակին»,– նշում է գործակալությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այցի շրջանակում նա հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։