ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կարմրուկով վարակվածների թվերի կտրուկ աճ չկա և հաջողվում է լոկալիզացված պահել և սահմանափակել կոնտակտավորների շրջանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքեր վիճակագրությանը` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։
«Սա շատ կարևոր է, և ես շատ գնահատում եմ, որ քաղաքացիները բավական աչալուրջ են և անգամ մեծահասակները դիմում են պատվաստումների»,–ասաց նախարարը։
Այս պահին, նախարարի խոսքով, կան մի քանի առանձին դեպքեր, որոնք վարակի առաջնակի կրող են և իրենց հսկողության տակ են։ Միևնույն ժամանակ ԱՆ–ն էլ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում կապված համաճարակային իրավիճակի հետ` ժամանակ առ ժամանակ փոփոխելով մարտավարությունը։
Հարցին` արդյոք նախարարությունը պարզել է`որ երկրից է բերվել վարակը, նախարարը նշեց, որ հենց տարածաշրջանի մի շարք երկրներում (ԱՀԿ 27 երկրներում) կան կարմրուկի բռնկումներ։ Ավանեսյանն ասաց, որ ունեն հետազոտության արդյունքները, սակայն հարկ չի համարում առանձնացնել որևէ երկիր։