ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։
Արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն նշելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ կապերը՝ կարևորել է ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում համագործակցությունը։
Նա Ֆրանսիայի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարությանը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Նա մատնանշել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցությունը միգրացիայի և քաղաքացիության ոլորտում, նշել ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման, ծառայողների ատեստավորման ու ջրային պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ աշխատանքների մասին։
Հարավային Կովկասում ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդ Օլիվիե Լըֆեբվրը ներկայացրել է համագործակցության նախատեսվող ծրագրերը, որոնք ընդգրկում են ներքին վերահսկողության, ոստիկանական գվարդիայի, ջրային պարեկային ծառայության, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ընտանեկան բռնության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված այլ հարցեր։