ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Պարեկային ծառայողներին հարվածելու, քաշքշելու ու հայհոյելու մեղադրանքով Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 5 բնակիչ ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 15-ին՝ մոտավորապես ժամը 22.00-ին։ Պարեկները գյուղամիջյան ճանապարհով երթևեկելիս նկատել են նույն բնակավայրի բնակչի, որը կանգնած է եղել ճանապարհի միջնամասում, դուրս չի եկել ճանապարհից և այդ ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին:
«Ոստիկանության աշխատակիցները փորձել են հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս ենթարկել վարչական ձերբակալման, սակայն նրա հայրը խոչընդոտել է պարեկային ծառայողների գործողությունները, սկսել է հայհոյել և քաշքշել ոստիկաններին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ-ի՝ վիճաբանությանը միջամտել են նույն բնակավայրի ևս երեք բնակիչներ, որոնք քաշքշել և ձեռքերով, բռունցքով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին:
Վիճաբանությանը մասնակցած 5 անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողությունների հետ անհամաձայնություն ունենալու պարագայում ոչ թե դրսևորել հակաօրինական վարքագիծ, այլ նրանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վիճարկել վարչական կամ քրեաիրավական համապատասխան ընթացակարգերով։