ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում և ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիր մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել և իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված և ստացել ձեռնարկատիրական եկամուտ:
«2023 թվականի փետրվար ամսին քաղաքացու կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր ավազակոպճային զանգված: Արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի (աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Միաժամանակ նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի (ապօրինի գործունեությամբ զբաղվելը) հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով: