ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՊՆ պաշտոնատար անձիք 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Օտարված տարածքի մեջ է մտնում զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը։
Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ:
Համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով` որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2012 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ` խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ դրա հատուկ նշանակության հողատարածք է։
«Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծում կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն»,– ասված է հաղորդագրությունում:
Նույն որոշմամբ` հողամասի վրա գտնվող «զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «հյուրանոցի», իսկ «շտաբի» գործառնական նշանակությունը՝ «հյուրատան»:
Կադաստրային գործում առկա է նաև Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել և նվազել է) հողամասը կառուցման և սպասարկման համար չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։
Այսպիսով` կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Գ.Վ.-ին տրվել է սեփականության իրավունք։
Մի քանի օր անց` դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք):
Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։