ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումների հետ կապված հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին։ Այս մասին Թովմասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա ընդգծել է, որ պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա. ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ, որը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ տեսանելի:
«Հրատապ գրություններով դիմել եմ միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին»,–գրել է Թովմասյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը՝ «Ադրբեջան»։
Թովմասյանի խոսքով` Ադրբեջանի ագրեսիայի և ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները:
«Միջազգային գործընկերներից խնդրել եմ գործուն և կանխարգելիչ քայլերի իրականացում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից պլանավորված հնարավոր էսկալացիայի կանխմանը, թույլ չտալու հայերի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործումը»,–գրել է նա։
Թովմասյանը հույս է հայտնել, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները և Արցախի սահմանները հսկող ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն՝ դրանից բխող պատժիչ հետևանքներով: