ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այս պահին բուհի դիմաց դասադուլ են անում․ նրանք դեմ են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը։
«Մենք ոչ մեկի հանդեպ անձնական խնդիր չունենք, պարզապես չենք ուզում, որ որևէ մեկը ապօրինի գա ռեկտոր»,– ասաց ուսանողներից մեկը։
Նրանք հայտարարեցին՝ թույլ չեն տալու, որ Դավիթ Գյուրջինյանը մտնի համալսարան։
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները դասադուլ են անում
© Sputnik / Aram Nersesyan
Ավելի վաղ հայտնել էինք, որ բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։