Բրյունետի տեսահոլովակը հրապարակվել է «Եվրատեսիլ - 2023» մրցույթի պաշտոնական կայքում

Ավելի վաղ երգչուհին հույս էր հայտնել , որ իր երգը կդիպչի մարդկանց սրտերին, ինչպես որ իր դեպքում է եղել։
Sputnik
Կայացավ «Եվրատեսիլ - 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի (Էլեն Երեմյան) հեղինակային`«Future Lover» երգի պրեմիերան։ Տեսահոլովակը հրապարակվել է «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթի պաշտոնական Youtube-ի ալիքում։
Հաշված րոպեներ անց երգն արդեն ուներ ավելի քան 21000 դիտում և 3200 հավանում։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ այս ամիսների ընթացքում գրել է մի բան, որը լավագույնս արտացոլում է իր էությունը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ։
Նա հույս էր հայտնել , որ իր երգը կդիպչի մարդկանց սրտերին, ինչպես որ իր դեպքում է եղել։
Հավելենք, որ Էլեն Երեմյանը սկսել է երգել 4 տարեկանից, ստեղծագործում է 15 տարեկանից: Հենց ինքն է իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել YouTube-ում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում «Միավորված երաժշտությամբ» կարգախոսով. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչի առաջին հատվածում: