ՌԴ-ն չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանն ու նրա իրավասությունը. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՄՔԴ-ում կարող են ՌԴ-ի դեմ երկու գործ քննել՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանն ու նրա իրավասությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՄՔԴ-ն կարող է ՌԴ-ի դեմ երկու գործ քննել՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ։
«Մենք չենք ճանաչում այդ դատարանը, մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը: Այդպես էլ վերաբերվում ենք դրան»,-ասել է Պեսկովը։
ՄՔԴ-ն քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմինն է, որն իր աշխատանքը պաշտոնապես սկսել է 2002 թվականի հուլիսի 1-ին։ Նրա իրավասության ոլորտն է ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ագրեսիայի հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետապնդումը։ Այս դատարանը ՄԱԿ-ի պաշտոնական կառույցներում ներառված չէ։
ՄՔԴ-ն երբեմն շփոթում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հետ, որը նույնպես Հաագայում է գործում։ Սակայն դրանք տարբեր իրավասություններ ունեն:
Ընդհանուր առմամբ, դատարանը բողոքներ է ստացել առնվազն 139 երկրներում ենթադրյալ հանցագործությունների մասին, սակայն ներկայումս դատարանի դատախազը հետաքննություն է սկսել միայն Աֆրիկայում ութ իրավիճակների վերաբերյալ: 2019 թվականի ապրիլի 12-ին ՄՔԴ-ն հրաժարվեց հետաքննել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների գործողությունները։
Վրաստանում տիրող իրավիճակը չի կարող չանհանգստացնել Մոսկվային. Պեսկով
Նշենք, որ ՄՔԴ-ն հիմնվել է 1998 թվականին ընդունված Հռոմեական կանոնադրության հիման վրա։ Ռուսաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, սակայն այդպես էլ չի վավերացրել այն և, այսպիսով, միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն չի հանդիսացել։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը համագործակցել է ՄՔԴ-ի հետ և մասնակցել նրա աշխատանքին որպես դիտորդ։ 2016 թվականին Ռուսաստանը դուրս է եկել Միջազգային քրեական դատարանի կազմից այն բանից հետո, երբ Ղրիմի միացումը ճանաչվեց օկուպացիա։
Մի շարք երկրներ սկզբունքորեն դեմ են ՄՔԴ-ի գաղափարին, որը սահմանափակում է պետությունների ինքնիշխանությունը և դատարանին անորոշ լայն իրավասություններ է տալիս. դրանց թվում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը։