ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքների հարցը մեկ քայլով լուծել հնարավոր չէ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք չէ անել ափալ–թափալ քայլեր, պետք է հետևողական ռազմավարական քայլերով գնալ առաջ պետության շահերը ապահովելու և սպասարկելու համար»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերը Հայաստանի համար կարմիր գիծ են, և հավելեց, որ բոլոր խնդիրները պետք է ունենան ռազմավարական լուծում` երկարաժամկետ, տևական, խորը և համապարփակ։
Հարցին, թե արդյոք այդ տարածքները երկար պետք է մնան Ադրբեջանի տիրապետության տակ, Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն օկուպացված տարածքներ ունի դեռ 1994 թ.–ից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը 30 տարում Հայաստանից ավելի քան 70 ք/կմ տարածք է օկուպացրել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 13-ին Բահրեյնում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովում ասել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և օկուպացրել մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք։