ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Անատոլի Դրյուկովը մահացել է։ Նա 87 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորին և անկեղծ ցավակցություն է հայտնում Անատոլի Մատեևիչի ընտանիքին և բարեկամներին։ Դրյուկովի հետ վերջին հրաժեշտի արարողությունը կլինի մարտի 16-ին` ժամը 12։00-ին, Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում»,– ասված է հաղորդագրությունում։
Նա եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ) շրջանավարտ, որն իր կյանքը նվիրել է դիվանագիտական ծառայությանը` անցնելով դրա բոլոր փուլերը։ Բազմիցս աշխատել է արտերկրում, եղել է ԽՍՀՄ և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը Սինգապուրում և Հնդկաստանում։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով` Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մեծ ներդրման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
1998-2005 թթ. Անատոլի Դրյուկովը Հայաստանում եղել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան։ Այստեղ նրան հիշում են որպես մի մարդու, որը ռուս–հայկական հարաբերությունների զարգացման գործում զգալի դերակատարում է ունեցել։ Երկու պետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար 2005 թվականին Անատոլի Մատվեևիչը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։