ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Նա եզրափակիչ փուլում 3։7 հաշվով պարտվել է ռումինացի Դենիս Ֆլորին Միհային։
Մանվելյանը եզրափակիչ փուլ էր դուրս եկել մարտի 13-ին` թուրք ըմբիշ Մուհամմեդ Էմին Չաքըրին հաղթելուց հետո։ Պայքարն ավարտվել է 1։1 հաշվով, մրցավարները հաղթանակը տվեցին Մանվելյանին։
Հիշեցնենք` Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։