Կարմիր խաչը ևս 13 քաղաքացու է Արցախից տեղափոխել Հայաստան

ԿԽՄԿ–ի ավտոմեքենաներ
Բուժում ստանալու նպատակով Հայաստան ուղեգրված բուժառուներից 10-ը ուղեկցորդների հետ վերադարձել են Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբայսօր Արցախի Հայաստան է տեղափոխվել ևս 13 անձ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։
10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակում Հայաստան են ուղեգրվել բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ օրս ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 182 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։