Հրանտ-Լեոն Ռանոսը կհամալրի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը

Հրանտ-Լեոն Ռանոսը. Արխիվային լուսանկար
Ըստ շրջանառվող տեղեկությունների` հայազգի ֆուտբոլիստը պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ին Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։ Շրջանառվող տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՖՖ մամուլի ծառայությունից չհերքեցին։
«Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա, առաջիկա ժամերին կլինի։ Երբ պաշտոնական լինի, կհրապարակենք»,–ասացին ՀՖՖ–ից։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները, որը պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ին Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։
Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող է: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20–ին Գերմանիայում։ Իսկական ազգանունը Երանոսյան է։ «Բավարիայում» ֆուտբոլիստը խաղում է 2019 թվականից: Իսկ պատանեկան տարիներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» և «Հանովերի» ակադեմիաներում։