ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի փետրվարին 12–ամսյա գնաճը շարունակում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«12–ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 8.4 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճն ու 12-ամյսա գնաճը դանդաղում են»,– ասաց Գալստյանը։
Նա ընդգծեց, որ 2023 թվականի մարտի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` սահմանելով 10.75 տոկոս։
ԿԲ նախագահը շեշտեց, որ բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր։ Հենց դրանից ելնելով էլ զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։
Ըստ Գալստյանի, սա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակաբար կթուլանան։
«2023 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր ակտիվությունը պահպանվում է, ինչին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։ Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ–ի ներուժի ավելացմամբ։ Իրականացվող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել»,– ասաց Գալստյանը։
Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ, բարձր պահանջարկն ու գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին։
Գալստյանը նշեց, որ ԿԲ–ի խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ և հետևողական է լինելու գնաճի կայունացման գործում` չեզոքացնելով գնաճային սպասումների «ապախարսխման ցանկացած ռիսկ»։
Նա վստահեցնում է` դրամավարկային քաղաքականության 12-ամսյա սցենարում գնաճն աստիճանաբար կնվազի և ընթացիկ տարվա 2-րդ կեսից կկայունանա 4 տոկոս նպատակային ցուցանիշի շուրջ։ Կենտրոնական բանկի նախագահը շեշտեց, որ նախանշված ուղղուց գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի դեպքում էլ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի` ապահովելով գների կայունության նպատակը։