ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողին հարցին` Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախապատրաստվո՞ւմ է, թե ոչ։
«Այո՛, շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի»,– ասաց նա։
Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է 44–օրյա պատերազմից առաջ և հետո։
«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե կան որոշակի այլ տվյալներ։ Մենք գիտենք, որ ՀՀ–ն չի որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն որոշեց հրավիրել ԵՄ դիտորդներին, քանի որ Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով։
Նա նշեց, որ դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկզբում համաձայնել է այս մտքին, սակայն հետո հրաժարվել է։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է։
«Հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի առկայությունը` շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,–ասաց վարչապետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։