Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին

Արցախի ԱԳՆ շենքը
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ երբ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում կարող է անցկացվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: Այսպես է Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել Ալիևի աշխատակազմի` հանդիպում անցկացնելու առաջարկին
«Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Արցախի ԱԳՆ–ն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են։ Շշետում են` սա ոչ մի կերպ չի նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։
ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզված է, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից:
«Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար»,– ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Նշենք` շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնել, սակայն այդ տեղեկությունները հայկական կողմը պաշտոնապես չէր հաստատել։
Հիշեցնենք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։