Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա եռակողմ հանդիպման մանրամասները քննարկելու համար. Փաշինյան

Արարատ Միրզոյան
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած եռակողմ հանդիպումը ՀՀ–ն չի բոյկոտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ հանդիպման մասին երեկ խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, մենք ոչ թե բոյկոտել ենք հանդիպումը, այլ այդ իրավիճակում պետք էր, որ ՀՀ ԱԳ նախարարը լինի Երևանում»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա այս հարցը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։