Ադրբեջանցի լրագրողները Բահրեյնում հարցեր են տվել Ալեն Սիմոնյանին

Ադրբեջանցի լրագրողները Բահրեյնում հարցեր են տվել Ալեն Սիմոնյանին
Նրան հարցրել են կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթից հետո նրան են մոտեցել ադրբեջանցի լրագրողները և խնդրել պատասխանել երկու հարցի: Այս մասին գրել է Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա»,– գրել է Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ խոսնակը հավելել է, որ մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:
«Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա»,– գրել է նա:
Այս առանչությամբ Ալեն Սիմոնյանը ազատություն է մաղթել հարևան երկրի ժողովրդին և մամուլին:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ Պատվիրակությունը Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինի մինչև մարտի 15-ը։