Ժնևում մեկնարկել են հացահատիկի գործարքի շուրջ ՌԴ-ի և ՄԱԿ-ի խորհրդակցությունները

Ժնև
Պարենային գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։ Ուկրաինան և ՄԱԿ-ը ձգտում են երկարաձգել պայմանագիրը։ Սակայն Ռուսաստանը դժգոհ է դրա իրականացման ընթացքից՝ համարելով, որ պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ժնևում սկսվել են հացահատիկային գործարքի շուրջ Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության Ժնևյան բաժանմունքին կից ՌԴ մշտական ներկայացուցչությանը։
Հացահատիկային գործարքի գործողության ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արևմուտքը «թաղում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարդասիրական նախաձեռնությունը՝ սաբոտաժի ենթարկելով «փաթեթի» ռուսական մասի իրականացումը։
«Բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով ժամը 11 – ին», - հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցում է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ՄԱԿ – ի կողմից՝ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։