ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. 1 շաբաթում հայտնաբերվել է 988 խախտում

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 28 տրանսպորտային միջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները 1 շաբաթ ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ մարզերում և արձանագրել 988 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 6-ից 13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։
«Հայտնաբերվել է ոչ սթափ 20 վարորդ։ 9 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 34-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 28 տրանսպորտային միջոցներ։
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրելու։