Փողերի լվացում Covid-19-ի շրջանում. «Մեդլայնի» 8 աշխատակիցներն ազատության մեջ են

Կորոնավիրուսի շրջանի չարաշահումների գործով ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն է ներկայացվել 3–ի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մեր տեղեկություններով` «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն ազատության մեջ են։
«8 բուժաշխատողների ձերբակալման ժամկետը լրացել է, և վարույթն իրականացնող մարմինը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն առայժմ չի ներկայացրել դատարան»,–հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Հիշեցնենք` «Մեդլայն Կլինիկ»–ի աշխատակիցներին ձերբակալել էին Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վարույթի շրջանակում։
Նույն գործով մարտի 10–ին ձերբակալվել էին նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն և Երևանի փոխքաղաքապետ, նախկինում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Նշենք, որ ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն է ներկայացվել 3 անձի նկատմամբ։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը մարտի 12–ին կալանավորվել է։
Գործն իրեն էլ է վերաբերում․ Մինասյանը՝ Արսեն Թորոսյանի մասին