ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները` ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու քայլերը»,– ասված է հաղորդագրությունում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելիս Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ՌԴ խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։