«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ

Արխիվային լուսանկար
ՀԾԿՀ–ն ընկերության դիմումին ընթացք է տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
««ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին ընթացք է տրվել, այժմ քննարկումների փուլում է։ Մենք դիմել ենք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն` իմանալու նրանց դիրքորոշումը»,– ասաց Լիանա Ազիզյանը։
Թե ո՞ր ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը` ՀԾԿՀ մամուլի խոսնակ չնշեց, ասելով, որ դա առևտրային գաղտնիք է։
Ազիզյանը հայտնեց, որ կանոնակարգի համաձայն՝ գերատեսչությունն ու ԱԱԾ-ն 40 օրվա ընթացքում պետք է հայտնեն իրենց կարծիքը, որից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն պետք է վերջնական որոշում կայացնի ընկերության վաճառքը թույլատերլու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ ընկերությունը ունի 2 հավանական գնորդի թեկնածու` 1XBET ընկերությունը (բուքմեյքերական ընկերություն) և «Գազպրոմը»։
2022 թ. հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ կազմակերպությունը 2004 թվականից գլխավորող Ռալֆ Յիրիկյանը հրաժարական է տվել։ Նրան փոխարինել է Արմեն Ավետիսյանը։
Նշենք նաև, որ «ՄՏՍ Հայաստան» հեռահաղորդակցության ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։